Վերջին նորությունները

Գրքի շնորհանդես

24 հունիսի, 2026 թ.

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում կայացավ «Ճարտարապետի ներկապնակը» գրքի շնորհանդեսը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը՝ կարևորեց գրքի հրատարակությունը որպես բացառիկ և արժեքավոր աշխատություն, որը նոր լույս է սփռում հայ ճարտարապետության կարկառուն ներկակացուցիչներից մեկի` Միքայել Մազմանյանի կյանքի, գործունեության, հատկապես մտավոր գրավոր ժառանգության վրա։ Տիկին Հայրապետյանը նշեց նաև, «Ճարտարապետի ներկապնակը» գիրքը նոր երանգներ կհաղորդի ապագայում թանգարան-ինստիտուտում կազմակերպվող ցուցահանդեսներին նվիրված Միքայել Մազմանյանին։ Այնուհետև ելույթ ունեցավ ճարտարապետ Միքայել Մազմանյանի թոռնուհին, գրքի կազմող Լիլիթ Տեր-Մինասյանը։ Նա ներկայացրեց գրքի ստեղծման ընթացքը, շնորհակալություն հայտնեց Գյուլբենկյան հիմնադրամին՝ գրքի հրատարակությունն աջակցելու և հովանավորելու համար։ Նա նաև ընդգծեց, որ գրքի շապիկին զետեղված է Միքայել Մազմանյանի դիմանկարը, որի հեղինակը մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանն է։ Գրքի առաջաբանի հեղինակ Կարեն Բալյանն իր խոսքում անդրադարձավ ստալինյան բռնաճնշումների ենթարկված ճարտարապետների բարդ ճակատագրերին։ Նա նաև ներկայացրեց Միքայել Մազմանյանի ստեղծագործական ուղին և աշխատելաոճի առանձնահատկությունները։ Շնորհանդեսի մասնակիցները արտահայտեցին իրենց հիացմունքն ու շնորհակալությունը կատարված աշխատանքի համար, կիսվեցին հիշողություններով և ընթերցեցին գրքից դրվագներ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու համար։

Ավելին

Գրքի շնորհանդես

22 հունիսի, 2026 թ.

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում հունիսի 23-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա «Ճարտարապետի ներկապնակը» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված է ճարտարապետ Միքայել Մազմանյանի գրավոր ժառանգությունը՝ հոդվածներ, հուշեր, բանաստեղծություններ, նամակներ, ժամանակակիցների հիշողություններ և այլ արժեքավոր նյութեր: Գիրքը կներկայացնեն կազմող Լիլիթ Տեր-Մինասյանը և առաջաբանի հեղինակ Կարեն Բալյանը։ Շնորհանդեսի ընթացքում «Էպիգրաֆ» գրախանութը կիրականացնի գրքի վաճառք։

Ավելին

Գրքի շնորհանդես

16 հունիսի, 2026 թ.

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ճարտարապետության դոկտոր Արա Զարյանի «Սիւնեաց աշխարհի բերդերը. Թ–ԺԴ դարեր» գրքի շնորհանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը՝ ընդգծելով գրքում տեղ գտած ուսումնասիրությունների, չափագրությունների և վավերագրական արժեք ներկայացնող նյութերի՝ թանգարանի ֆոնդին նվիրաբերման կարևորությունը։ Միջոցառման ընթացքում հեղինակը ներկայացրեց իր բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները՝ անդրադառնալով պատմական Սյունիքի բերդերին, դրանց ճարտարապետական առանձնահատկություններին, պատմությանը և պահպանության հիմնախնդիրներին։ Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ նաև գրքի առաջաբանի հեղինակ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանը՝ ընդգծելով աշխատության գիտական արժեքն ու կարևորությունը հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրության գործում, ինչպես նաև անդրադառնալով հայկական բերդաշինության առանձնահատկություններին։ Ելույթ ունեցավ նաև ՀԲԸՄ Վահրամ Ապտալեան մշակութային հիմնադրամի ներկայացուցիչ, գրքի հանձնախմբի անդամ Արծվի Բախչինյանը։ Խոսքով հանդես եկավ նաև ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը՝ նշելով աշխատության նշանակությունը և հույս հայտնելով, որ այն խթան կհանդիսանա նոր հետազոտությունների և ուսումնասիրությունների համար։ Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին՝ հայկական պատմաճարտարապետական ժառանգության պահպանման և հանրահռչակման գործի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար։

Ավելին

Թանգարանների գիշեր

18 մայիսի, 2026 թ.

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտում «Թանգարանների գիշեր» միջազգային ամենամյա միջոցառման շրջանակում իրականացվեց «Միասնության իմ բանալին» ինտերակտիվ ծրագիրը։ Այցելուները ոչ միայն շրջեցին թանգարանի «Թամանյան» և «Տրդատ» ցուցասրահներում, այլև դարձան խորհրդանշական գործողության մասնակից․ բացելով ինստալացիայի փոքրիկ դռնակները՝ նրանք գրեցին իրենց մտքերը, ցանկություններն ու պատասխանները այն հարցին, թե որն է իրենց միասնության բանալին։ Շնորհակալ ենք բոլորին մասնակցության և ջերմ մթնոլորտի համար:

Ավելին

Հուշ-երեկո նվիրված Մարտին Միքայելյանի 100-ամյակին

30 մարտի, 2026 թ.

24.03.2026 թ. Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված ճարտարապետ Մարտին Միքայելյանի 100-ամյակին։ Բացման խոսքով հանդես եկան թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ Զարուհի Հայրապետյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ՝ Նունե Պետրոսյանը, հուշ-երեկոն վարեց ասմունքող Աննա Միքայելյանը։ Երեկոյի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան բացահայտել ճարտարապետին ոչ միայն որպես վարպետ, այլև որպես անհատականություն․ հնչեցին հատվածներ «Իմ անցած ուղին» ինքնակենսագրությունից, ցուցադրվեցին տեսանյութեր՝ գործընկերների և ընկերների հիշողություններով, ելույթ ունեցավ արվեստագետ Ռուբեն Արևշատյանը։ Երեկոյի ամենահուզիչ պահերից էին Մարտին Միքայելյանի երեք որդիների՝ Արմենի, Արեգի և Ավետի ելույթները, որոնք կիսվեցին անձնական հիշողություններով՝ ներկայացնելով նրան որպես հայր, ուսուցիչ և ընկեր։ Երեկոյի ավարտին տեղի ունեցավ Ավետ Միքայելյանի հեղինակած՝ Մարտին Միքայելյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված գիրք-կատալոգի շնորհանդեսը։ Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ կիսեցին այս կարևոր և ջերմ երեկոն։

Ավելին

Դասախոսություն

23 մարտի, 2026 թ.

20.03.2026 թ. Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում անցկացվեց դասախոսություն՝ նվիրված ճարտարապետ Մարտին Միքայելյանի 100-ամյակին։ ◇Ողջույնի խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն` Զարուհի Հայրապետյանը։ ◇Դասախոսություններով հանդես եկան ցուցահանդեսի համադրող՝ ճարտարապետ Կարեն Բալյանը, ճարտարապետ Աշոտ Կանայանը։ ◇Դասախոսությանը ներկա ուսանողները միջոցառման ավարտին մասնակցեցին անակնկալ վիկտորինայի և, որպես նվեր, ստացան Մարտին Միքայելյանի 100-ամյակին նվիրված կատալոգը, որը տրամադրվել էր ճարտարապետի որդու՝ Ավետ Միքայելյանի կողմից։ Միջոցառումը անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում:

Ավելին

Բաց դասախոսություն

18 մարտի, 2026 թ.

20.03 16:00-ին սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում կազմակերպվելիք դասախոսությանը՝ նվիրված ճարտարապետ Մարտին Միքայելյանի 100-ամյակին: Մուտքն ազատ է:

Ավելին

Գրքի շնորհանդես

18 դեկտեմբերի, 2025 թ.

Դեկտեմբերի 17-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի Պատմամշակութային աստղագիտություն բաժնի ղեկավար Հայկ Մալխասյանի հեղինակությամբ հրատարակված «Հայաստանի վիմակերտ աստղադիտարանը՝ Զորաց քարեր. աստագիտական նկարագիր և շրջայցի ուղեցույց» գրքի շնորհանդեսը ։

Ավելին

Ֆիլատելիստական ցուցահանդես

6 դեկտեմբերի, 2025 թ.

Նոյեմբերի 27-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված զբոսաշրջությանը Հայաստանում»։ Միջոցառման շրջանակներում հատուկ դրոշմակով մարվեց բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին:

Ավելին

«Ճարտարապետական ժառանգություն, պահպանություն և հեռանկարներ» միջազգային գիտաժողով

6 դեկտեմբերի, 2025 թ.

Հոկտեմբերի 13-14-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, թանգարանի հիմնադրման 35-ամյակի միջոցառումների շրջանակում, տեղի ունեցավ «Ճարտարապետական ժառանգություն, պահպանություն և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովում ներկայացված էին ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ հետազոտողներ: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Թանգարանի գիտահետազոտական բաժնի ղեկավար Աշոտ Գրիգորյանը: Շնորհակալություն մասնակիցներին մասնակցության համար:

Ավելին

Պանելային քննարկում

6 դեկտեմբերի, 2025 թ.

Օգոստոսի 4-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» ցուցասրահում տեղի ունեցավ պանելային քննարկում ARCHCOOP և դ‘Արվեստանոց ճարտարապետական ստուդիաների կողմից կազմակերպված «Ստեղծելով ձևը» և «Շենքեր, որոնք ստվերներ չեն գցում» խորագրերը կրող ցուցահանդեսների վերաբերյալ:

Ավելին

Թանգարանային գիշեր 2025

6 դեկտեմբերի, 2025 թ.

Թանգարանների գիշերը Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Ավելին

Պանելային քննարկում

5 դեկտեմբերի, 2025 թ.

Ապրիլի 26-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայաստանի ճարտարապետությունը 20-21-րդ դարերում» խորագրով։ Այս միջոցառումը կազմակերպվել էր թանգարանում գործող նույնանուն ցուցահանդեսի շրջանակում: Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը։ Քննարկմանը մասնակցում էին թանգարանի գիտահետազոտական բաժնի ղեկավար, ճարտարապետ Աշոտ Գրիգորյանը, ճարտարապետ Կարեն Բալյանը, ինչպես նաև snkh և Storaket ճարտարապետական ստուդիաների ներկայացուցիչները։ Պանելային ձևաչափով հանդիպումը վերածվեց ակտիվ քննարկման՝ մասնակիցների և լսարանի անմիջական երկխոսության շնորհիվ։

Ավելին

Գիրք նվիրելու օր

5 դեկտեմբերի, 2025 թ.

Գիրք նվիրելու օրը մեր թանգարանում:

Ավելին