Դիտել բոլոր միջոցառումները

Գրքի շնորհանդես

16 հունիսի, 2026 թ.
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ճարտարապետության դոկտոր Արա Զարյանի «Սիւնեաց աշխարհի բերդերը. Թ–ԺԴ դարեր» գրքի շնորհանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը՝ ընդգծելով գրքում տեղ գտած ուսումնասիրությունների, չափագրությունների և վավերագրական արժեք ներկայացնող նյութերի՝ թանգարանի ֆոնդին նվիրաբերման կարևորությունը։ Միջոցառման ընթացքում հեղինակը ներկայացրեց իր բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները՝ անդրադառնալով պատմական Սյունիքի բերդերին, դրանց ճարտարապետական առանձնահատկություններին, պատմությանը և պահպանության հիմնախնդիրներին։ Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ նաև գրքի առաջաբանի հեղինակ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանը՝ ընդգծելով աշխատության գիտական արժեքն ու կարևորությունը հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրության գործում, ինչպես նաև անդրադառնալով հայկական բերդաշինության առանձնահատկություններին։ Ելույթ ունեցավ նաև ՀԲԸՄ Վահրամ Ապտալեան մշակութային հիմնադրամի ներկայացուցիչ, գրքի հանձնախմբի անդամ Արծվի Բախչինյանը։ Խոսքով հանդես եկավ նաև ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը՝ նշելով աշխատության նշանակությունը և հույս հայտնելով, որ այն խթան կհանդիսանա նոր հետազոտությունների և ուսումնասիրությունների համար։ Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին՝ հայկական պատմաճարտարապետական ժառանգության պահպանման և հանրահռչակման գործի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար։